09/23/2025 | Press release | Distributed by Public on 09/23/2025 02:23
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Կանանց 4-րդ համաշխարհային համաժողովի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կանանց հզորացման օրակարգի առաջմղման կարևորությունը` ի նպաստ ավելի դիմակայուն հասարակության և կայուն ապագայի:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում գործադիր, օրենսդիր և դատական համակարգերում կանանց ներգրավվածությանը, կրթության և STEM ոլորտներում հնարավորություններին։ Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի կողմից որդեգրված համակարգված մոտեցումը՝ ուղղված գենդերային հարցերի ներառմանը ավելի ընդլայնված զարգացման օրակարգում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով ՀՀ տեսլականը՝ բարձրաձայնելու կենսաբազմազանության կորստից և շրջակա միջավայրի քայքայումից առավելագույնը տուժած խմբերի խնդիրները:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը կլիմայական արդարությունն ընտրել է որպես Պեկին +30 օրակարգի իր գլխավոր գործողություն՝ գիտակցելով, որ կանայք, հատկապես գյուղական և տեղահանված համայնքներում, կանգնած են կլիմայի փոփոխության առաջնագծում և կրում են դրա ամենածանր բեռը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` ուղղված կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը, հնարավորությունների ընդլայնմանը և ներառականության ապահովմանը: