08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/20/2026 07:19
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Նախագահը նշել է, որ վերջին շրջանում նշանակալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների ակտիվացման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների և հեռանկարների նախանշման գործում։ Այդ համատեքստում նախագահն առանձնացրել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։
«Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք բարդ և դժվարին ժամանակներ, և այդ ընթացքում Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը։ Նաև այդ առումով եմ ցանկանում շնորհակալություն հայտնել Ձեզ և Կանադայի կառավարությանը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Հանրապետության նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ մեծ ներուժ կա նաև արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման համար։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համատեղ աշխատանքի համար։ Էնդրյու Թըրները նշել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, և այդ ուղղությամբ պատրաստ է շարունակել իր աջակցությունը։ Նա նաև ընդգծել է Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներում։
Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Կանադայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հետևողական քայլերը։ Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ու այդ ուղղությամբ փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է կանադական լավագույն փորձի կիրառումը քաղաքական մշակույթի զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման տեսանկյունից։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Կանադայի միջև մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում առկա համագործակցային ներուժի առավել արդյունավետ օգտագործման և փոխադարձ կապերի ընդլայնման կարևորությունը։