Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

08/28/2026 | Press release | Archived content

ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողով. մաս 1

ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողով. մաս 1

28 օգոստոսի, 2026

Օգոստոսի 28-30-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ կայացել է ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։

Աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ աշխատաժողովն այս տարի առանձնահատուկ է՝ պայմանավորված երկու հանգամանքով: Այն անցկացվում է ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո և նոր իրողությունների պայմաններում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և գործընկերությունների զարգացման գործում։

Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ։

Հանդիպմանն ուղերձներով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Աշխատաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց կյանքի կոչման հարցում ԱԳՆ և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությանը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախարարության անվան փոփոխության հիմքում ընկած է հստակ հայեցակարգ՝ միտված արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով կոնկրետ արդյունքների ապահովմանն ու բարեկեցության ավելացմանը։ Ելույթին հաջորդել է քննարկում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։

Աշխատաժողովի մեկնարկին ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի և կառավարության անդամներ։

Աշխատաժողովը շարունակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումով։ Անդրադարձ է կատարվել 2025թ օգոստոսի 8-ից ի վեր Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության ծրագրերին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով մինչ այժմ ձևավորված դինամիկային և հեռանկարներին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հետաքրքրող հարցերին:

Աշխատաժողովի երկրորդ օրը կայացած քննարկմանը նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է այս տարվա դեսպանաժողովի ուղերձի կարևորությունը․ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ դիվանագիտական ծառայությունը թևակոխում են նոր փուլ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ եթե նախորդ տարվա՝ օգոստոսի 8-ից հետո նույն ձևաչափով կայացած քննարկման հիմնական ուղերձը հաստատված խաղաղության շարունակական ամրապնդման կարևորությունն էր, այսօր խաղաղությունն արդեն իրողություն է։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այսօրվա իրողությունների պայմաններում թե՛ մարտահրավերները, թե՛ հնարավորություններն այլ են, և դրանց համապատասխանաբար հասցեագրման և առավելագույնս իրացման գործում դիվանագիտական ծառայությունը շարունակելու է կարևորագույն դեր կատարել՝ կյանքի կոչելով ՀՀ ժողովրդից ստացած նոր՝ ՀՀ անկախության և դիմակայունության հետևողական ամրապնդման առաջադրանքը։

Անդրադարձ է կատարվել նաև նախորդ հինգ տարիների ընթացքում եղած ծանրագույն մարտահրավերներին և դրանց հաղթահարման ճանապարհին համատեղ իրականացված աշխատանքին։

Անդրադառնալով ՀՀ զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ցանցին արդյունավետ ինտեգրման նոր հեռանկարներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն այսօր ունի պատմական հնարավորություն, և կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ նշանակալի արդյունքների ապահովման ուղղությամբ։

Նախարար Միրզոյանը պատասխանել է դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին։

Քննարկվել են ինչպես հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ գործընկերությունների խորացման, կապերի դիվերսիֆիկացման հարցեր՝ կարևորելով նաև տնտեսական բաղարիչի լիակատար իրացումը։

Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերին։

Մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության նոր առաջնահերթությունների շուրջ։

Աշխատաժողովի երրորդ օրը Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2025 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։

Հանգամանալից քննարկվել են նաև թվայնացման, այդ թվում՝ նորարարական լուծումների միջոցով հյուպատոսական ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև դիվանագիտական ծառայության համալրման կադրային հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հանրային հաղորդակցության թեմաներին՝ միտված փոփոխվող միջավայրին համահունչ հաղորդակցության շարունակական կատարելագործմանն ու ՀՀ տեսանելիության ավելացմանը:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության արդիականացման, բարելավման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին:

Աշխատաժողովի քննարկումների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարգևատրել է փետրվար-մարտ ամիսներին Մերձավոր Արևելքում ճգնաժամի սրման պայմաններում ՀՀ քաղաքացիներին տեղում աջակցություն ցուցաբերած և ՀՀ տեղափոխման գործընթացում ակտիվ ներգրավված ԱԳՆ գործընկերներին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են նաև Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։

Շրջայցի ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով անցակետի՝ շահագործման համար պատրաստ լինելը:

Տեղի է ունեցել այցելություն նաև Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան։ Անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին։


Մաս 2

-

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի լուսանկարները հասանելի են հետևյալ հղումով:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on August 28, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 04, 2026 at 06:12 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]