03/23/2026 | Press release | Archived content
Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկպեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում ձևավորված ակտիվ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունն առևտրատնտեսական, տեխնոլոգիական, էներգետիկայի, մշակութային և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Մնացական Սաֆարյանն ընդգծել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղու» կյանքի կոչմամբ ընձեռնվելիք նոր հնարավորությունները։