Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/19/2026 | Press release | Distributed by Public on 09/19/2026 11:41

«Զրույց ԱԳՄԱ նախարարի հետ» խորագրով քննարկում երիտասարդների մասնակցությամբ

«Զրույց ԱԳՄԱ նախարարի հետ» խորագրով քննարկում երիտասարդների մասնակցությամբ

19 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 19-ին՝ ՀՀ անկախության 35-ամյակին ընդառաջ, կայացել է «Զրույց ԱԳՄԱ նախարարի հետ. անկախություն և արտաքին քաղաքականություն» խորագրով քննարկում՝ շուրջ 250 երիտասարդների մասնակցությամբ։

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Երկու օրից՝ սեպտեմբերի 21-ին, մենք կնշենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը: Մի կողմից սա բավական երկար ժամանակ է ամբողջությամբ հասունանալու և կյանքին պատրաստ լինելու համար: Մյուս կողմից՝ ակնթարթ է պատմության տեսանկյունից: Մի կողմից, եթե հետ ենք նայում, մենք կարողացել ենք ահագին կայանալ 35 տարվա ընթացքում, մյուս կողմից, ուզում եմ շատ անկեղծ լինեմ ձեզ հետ, գոնե իմ մոտ զգացողություն է, որ մենք նոր-նոր ենք պետություն դառնում, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, մենք առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ, և սա դրսևորվում է առաջին հերթին և գլխավորապես արտաքին քաղաքականության բնագավառում, այլ պետությունների հետ մեր հարաբերություններում»:

Ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ուղղելու շուրջ երեք տասնյակ՝ տարբեր թեմաների վերաբերող հարցեր։ Քննարկվել են անկախ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, խաղաղության հետևողական ամրապնդմանն ուղղված արտաքին քաղաքական օրակարգի թեմաներ, իրականացվող գործողությունները:

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման ու հետագա զարգացման, հարևան երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցեր, անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։

Մասնակիցներին հետաքրքրել են տարբեր ուղղություններով գործընկերությունների խորացման հնարավորություններն ու հեռանկարները, այդ թվում՝ ՀՀ տնտեսական շահերի առաջմղման կարևորության համատեքստում: Տեղի է ունեցել մտքերի հետաքրքիր փոխանակում վերափոխված և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականի շուրջ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ և մեր տարածաշրջանի համար կարևորություն ունեցող միջազգային զարգացումներին։

Այն հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտար քաղաքականությամբ զբաղվելու ձգտում ունեցող երիտասարդին, Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Քաղաքականություն մարդուն տանում են երազանքները, հետևաբար իմ խորհուրդն է չդադարել երազել և չհոգնել դրանք իրականացնելու համար պայքարելուց, անընդհատ աշխատել, փորձել փոխել իրողությունները»:

Քննարկմանն ընդգծվել է արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ երիտասարդների ընկալումների, տարբեր ծրագրերում նրանց անմիջական ներգրավվածության կարևորությունը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on September 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 19, 2026 at 17:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]