The President of the Republic of Armenia

10/15/2024 | Press release | Distributed by Public on 10/15/2024 10:23

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

Երլան Կոշանովը, ողջունելով Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ղազախստան, նշել է, որ Հայաստանն իրենց համար մտերիմ և բարեկամական երկիր, վստահելի գործընկեր է: «Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում մեծածավալ բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանում: Դրանք ընթանում են բոլոր հիմնարար ուղղություններով, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի բարձրացմանը և հայ ժողովրդի բարօրությանը:

Մենք մշտապես անկեղծորեն ուրախանում ենք Ձեր հաջողություններով: Մեր երկրների հարաբերություներն արդյունավետորեն զարգանում են, և ամեն տարի համալրվում են նոր բովանդակությամբ:

Վստահ եմ, Ձեր այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև մեր երկրների բազմակողմ համագործակցության խորացմանը»,-ասել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ու բարեկամական ընդունելության համար՝ նշել է, որ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը: «Մեծապես կարևորում ենք նաև հայ-ղազախական խորհրդարանական փոխգործակցությունը, և գտնում ենք, որ այն մեր հարաբերությունների լայն շրջանակի առանցքային ոլորտներից մեկն է»
,- ասել է նախագահ Խաչատուրյանը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության հետագա զարգացման օրակարգային հարցերին և ուղղություններին:

Երկուստեք շեշտվել է օրենսդիր մարմինների գործունեության կարևորությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման և բարեփոխումների կյանքի կոչման գործում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակական դարձնել խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում խորհրդարանների բարեկամական խմբերի և պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը:

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on October 15, 2024, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 15, 2024 at 16:23 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]