The President of the Republic of Armenia

11/02/2025 | Press release | Distributed by Public on 11/02/2025 05:42

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրված գլխավոր քարտուղար Խալեդ Ալ-Անանիի հետ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրված գլխավոր քարտուղար Խալեդ Ալ-Անանիի հետ։

Հանդիպման մեկնարկին նախագահը շնորհավորել է ընտրված քարտուղարին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կշարունակի սերտանալ։

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մեր համագործակցությանը պայմանավորված նաև հայկական մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության խնդիրներով։ Վստահեցնում եմ Ձեզ նաև, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել Ձեր նախաձեռնություններին, միտված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է նախագահը։

Խալեդ Ալ-Անանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստան այցելել է երեք անգամ և ջերմ տպավորություններ ունի մեր երկրից, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ կշարունակի ակտիվ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են մարդկության պատմության, պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը համակարծիք են եղել, որ մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն հասարակությունների զարգացման, ժողովուրդների փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման գործում։

Զրույցի ընթացքում շեշտվել է, որ կրթության և մշակույթի միջոցով հնարավոր է ձևավորել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որն էլ իր հերթին հիմք է դառնում խաղաղության մշակույթի կայացման համար։

Հանդիպմանն ընդգծվել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո իրականացվող նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն համաշխարհային խաղաղության ու մարդկային արժեքների պահպանման տեսանկյունից, և Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նպատակ ունենալով խորացնել Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on November 02, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 02, 2025 at 11:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]