08/28/2026 | Press release | Archived content
ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավար կազմի տարեկան աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին, միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված քննարկումների երկօրյա շարք։
Բանախոսությունների շարքի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նախարարության գործառույթների ընդլայնման, արտաքին առևտրի բաղադրիչի ինստիտուցիոնալ ամրագրման համատեքստում կարևորելով տվայլ ուղղությամբ կարողությունների շարունակական զարգացումը և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանի տնտեսական շահերի հետևողական առաջմղումը։
Բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ներկայիս ցուցանիշները և կառավարության նոր ծրագրով ակնկալվող արդյունքները, Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները:
Տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր ուղղություններով գործընկերությունների զարգացման դինամիկային, արձանագրված արդյունքներին, գործարար կապերի հետևողական խթանման կարևորությանը:
Բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորիա Այդինյանը և ներկայացրել ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ փաստաթուղթը կոչված է ձևավորելու երկրի երկարաժամկետ տնտեսական քաղաքականության միասնական տեսլականը։
Անդրադարձ է կատարվել դոկտրինի գերակա ուղղություններին, ՀՀ կառավարության ծրագրում վերջինիս արտացոլմանը, ինչպես նաև դոկտրինից բխող ռազմավարություններին։ Ընդգծվել է, որ դոկտրինը մշակվել է տարածաշրջանում խաղաղության նոր միջավայրի ձևավորման պայմաններում և որպես հիմնական նպատակ է հետապնդում ՀՀ քաղաքացու բարեկեցության ապահովումը։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրել է գլոբալ մակրոտնտեսական իրավիճակը և միտումները, ՀՀ տնտեսության վրա դրանց ազդեցությունը, ընթացիկ զարգացումները և տնտեսական աճի դինամիկան:
Ծավալվել է հանգամանալից քննարկում դինամիկ փոփոխվող միջավայրում ՀՀ տնտեսական դիմակայունության ապահովմանն ուղղությամբ իրականացվող և հետագա հնարավոր քայլերի շուրջ։
«Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը ներկայացնել է ՀՀ արտահանման ռազմավարությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքին, արտահանման ներուժի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներին:
Բանախոսությանը հաջորդել է մտքերի փոխանակում: Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հիմնական մոտեցումները և այդ համատեքստում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր քայլերը:
«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի բանախոսության շրջանակներում Հայաստան օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև Հայաստանից արտահանման խթանման ուղղությամբ առաջիկա անելիքների համատեքստում ծավալվել է ակտիվ քննարկում ներդրումային և արտահանման ներուժի արդյունավետ իրացման, համապատասխան միջազգային գործարար կապերի ձևավորման ու զարգացման հեռանկարների շուրջ:
Քննարկվել են նաև միջազգային հեղինակավոր ֆորումներին և տնտեսական ուղղվածության այլ հարթակներում մասնակցության հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել բիզնես-պետություն, բիզնես-բիզնես կապերի զարգացման, ներդրումային և արտահանման գործընթացներում դիվանագիտական ծառայության մարմինների ներգրավածության և անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարևորությանը:
Քննարկումները շարունակվել են համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ տեսակապի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հետևանքով բացվող տնտեսական հնարավորություններին, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հեռանկարների և տրանսպորտային կապերի ընդլայնման ներուժին, ինչպես նաև` համաշխարհային բանկի կողմից իրականացված համապատասխան հետազոտությանը:
«COP17. Հայաստանի ճանապարհը դեպի կենսաբազմազանության համաժողով» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկրի դերակատարությունը, նախագահության ռազմավարական առաջնահերթությունները և ներառական համաժողովի ապահովման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։
Ընդգծվել է, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք համաժողովը համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից է. դրան կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ, իսկ COP17-ին կնախորդի Առաջնորդների գագաթնաժողովը։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է համաժողովի նախապատրաստման ուղղությամբ և մշակվող փաստաթղթերի շուրջ բանակցություներում ԱԳՆ և դիվանագիտական ծառայության մարմինների կողմից իրականացված աշխատանքները։
ՇՄ նախարարը և ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին։
Տեղի է ունեցել նաև այցելություն «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ Հրազդան քաղաքում ստեղծված արհեստական բանականության գործարան:
Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում աննախադեպ դինամիկայով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված հեռանկարներին: Ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և երկրի նորարարական ներուժի իրացման գործում:
-
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի լուսանկարները հասանելի են հետևյալ հղումով: