Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

01/14/2026 | Press release | Distributed by Public on 01/14/2026 09:03

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի նիստին

14 հունվարի, 2026

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված Կանանց հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստին: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի հանձնառությունը գենդերային հավասարության խթանման և կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ընդգծելով ոլորտում առկա կարևոր ձեռքբերումները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից հաստատված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» գործողությունների երրորդ ազգային ծրագրի ընդունմանը, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման նպատակով ստեղծված ազգային մեխանիզմի ձևավորմանը։

Գենդերային հավասարության խթանմանն ուղղված ջանքերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի շարունակական ակտիվ և կառուցողական համագործակցությունը մարդու իրավունքների ոլորտում միջազգային մեխանիզմների և մարմինների հետ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ տարածաշրջանային կառույցների շրջանակներում։ Այս համատեքստում ներկայացվել են առաջիկա գործընթացները՝ կարևորելով 2026թ. առաջին կիսամյակում նախատեսվող երկու միջազգային մոնիտորինգային մարմինների այցելությունները Հայաստան՝ գենդերային հավասարության ոլորտում քաղաքականության կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման տեսանկյունից։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին՝ շեշտելով դրա շրջանակներում կանանց մասնակցության և առաջնորդության խթանման կարևորությունը։ Ընդգծվել է բնապահպանության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր մակարդակներում կանանց և աղջիկների լիարժեք ներգրավվածության ապահովման կարևորությունը՝ որպես Հայաստանի կայուն և ներառական զարգացման բաղադրիչ։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on January 14, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 14, 2026 at 15:03 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]