Results

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

01/21/2025 | Press release | Distributed by Public on 01/22/2025 07:11

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

21 հունվարի, 2025

Հունվարի 21-ին Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի մեկնարկին նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Ստորև ներկայացված է Արարատ Միրզոյանի ելույթի տեքստը։

Հանդիպման արդյունքներով ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Այցի ընթացքում նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել ռուս պերեդվիժնիկների ցուցադրությունը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը

Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Կարծում եմ, իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո։ Վերջին անգամ մենք նման ձևաչափով հանդիպել ենք 2023 թվականի հուլիսին, և կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի մի շարք արդիական հարցերի շուրջ հանգամանալից կարծիքների փոխանակում անցկացնելու համար։

Հարգելի՛ գործընկերներ, առանձնազրույցի ժամանակ մենք Սերգեյ Վիկտորի հետ արդեն հակիրճ անդրադարձել ենք մի քանի հարցերի, և այժմ կարող ենք շարունակել կարծիքների փոխանակումը պատվիրակությունների մասնակցությամբ։

Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանն ուղղված արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակման հարցում։

Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին, և մենք հուսով ենք, որ այսուհետ ևս ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, տեսել ենք վերջին ժամանակներս, վերջին օրերին։ Եվ հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։

Երկկողմ հարաբերություններում ևս մեկ կարևոր ցուցիչ է, իհարկե, միջազգային հարթակներում համագործակցությունը։ Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի Դաշնության շահերին։ Կա ցանկություն և ըմբռնում, որ ռուսական կողմը նույնպես միջազգային հարթակներում որոշակիորեն հաշվի կառնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Միջազգային հարթակներում համագործակցությունը մեր ավանդույթներում է, և մենք միտված ենք շարունակել այս ավանդույթը։

Սերգեյ Վիկտորի,

Մենք միտված ենք նաև փոխշահավետ և գործնական համագործակցության, ինչպես նաև ինքնիշխանության հարգման վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը, ինչը, ամենակարևորը, ինչպես ես խորապես համոզված եմ, համապատասխանում է մեր երկու պետությունների շահերին։

Մեր համագործակցության, գործընկերության կարևոր բաղադրիչ է, անշուշտ, տնտեսությունը, որտեղ մենք նկատում ենք կայուն դրական արդյունքներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում առևտրային հարաբերությունների զարգացման վրա։

Իմ այսօրվա այցը նաև մեր ջանքերի մի մասն է՝ ուղղված համագործակցության զարգացմանն այնպիսի ձևաչափերում, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը և այլ կարևոր հարթակները։ Սա վերաբերում է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցությանը, որտեղ դեկտեմբերին Հայաստանը, կարծում եմ, բավական հաջող կերպով ավարտեց իր նախագահությունը։

Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական գրավչությունը բարձրացնելու՝ Հայաստանի Հանրապետության վճռական տրամադրվածության համատեքստում ուրախ եմ վերահաստատել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական երկխոսության զարգացման դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար ոլորտում։ Կանոնավոր կերպով անցկացվում են գիտության և մշակույթի գործիչների հանդիպումներ։

Մի խոսքով, համաձայն եմ Ձեզ հետ, թեմատիկան բավականին լայն է և բազմաշերտ:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ուշադրության համար։