Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

01/14/2025 | Press release | Distributed by Public on 01/15/2025 11:06

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ կոնգրեսականների հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ կոնգրեսականների հետ

14 հունվարի, 2025

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Դեյվիդ Գաս Վալադաոնի հետ:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման կարևորությունը, որն ուղղված է էլ ավելի ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները, ընդլայնելու համագործակցությունը և ընձեռելու նոր հնարավորություններ՝ ուղղված ՀՀ դիմակայունության աճին ու տնտեսական զարգացմանը։

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը՝ շեշտելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու երկկողմ համագործակցությունը նոր վարչակազմի հետ և կյանքի կոչելու Ռազմավարական գործընկերության կանոնադրության նպատակները: Կարևորվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից ՀՀ հետ հարաբերությունների խորացման երկկուսակցական աջակցությունը:

Նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, խաղաղության հաստատման ճանապարհին առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և տեսլականը: