The President of the Republic of Armenia

02/25/2026 | Press release | Distributed by Public on 02/25/2026 07:17

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։

Նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ, մաղթելով Ճապոնիայի ժողովրդին բարգավաճում և հաջողություններ։

«Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ Ճապոնիայի ժողովրդին՝ Նորին Մեծության Ճապոնիայի կայսեր տարեդարձի կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, դրանք զարգացել են երկու հենասյուների վրա՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Մենք այն ժամանակ՝ որպես նոր ստեղծվող երկիր, և արդեն նաև որպես ժողովրդավարական երկիր, մեր ճապոնացի գործընկերներից սովորել ենք և շարունակելու ենք սովորել, թե ինչպես շարունակել ապավինել ժողովրդավարական արժեքներին, զարգացնել տնտեսությունը, բարձրացնել երկրի քաղաքացիների կենսամակարդակը»,- նշել է նախագահը։

Դեսպան Յուտական իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև գործընկերության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։ Կարևորվել է նաև Ճապոնիայի կողմից ցուցաբերված հումանիտար օգնությունը, շեշտվել է աղետների կանխարգելման և կառավարման ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների սերտացման և նոր ծրագրերի խթանումը։

Երկու կողմերն էլ ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման կարևորությունը։ Բացի այդ, կողմերը փոխանակել են մտքեր տարածաշրջանային խաղաղության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում շարունակական աջակցության համար։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on February 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 25, 2026 at 13:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]