09/17/2025 | Press release | Distributed by Public on 09/17/2025 05:07
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։
Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթել։ Նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացումը։
«Վերջին տարիներին մեր համագործակցությունը նկատելիորեն ակտիվացել է, և դրա արդյունքում մեր երկկողմ փոխգործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։ Այս համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան համաձայնագիրը։
Անդրադառնալով մեր երկրի զարգացման ուղուն՝ Հանրապետության նախագահը նշել է, որ անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը հետևողականորեն պաշտպանել և զարգացրել է ժողովրդավարական սկզբունքները՝ մինչ օրս անցնելով բարդ և պատասխանատու ճանապարհ։
Դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է. «Շնորհակալություն ընդունելության, ինչպես նաև իմ հավատարմագրերն ընդունելու համար։ Սա հիանալի ժամանակահատված է լինել Բրիտանիայի դեսպանը Հայաստանում։ Կարծում եմ՝ մեր հարաբերությունները վերջին տարիներին իսկապես բարելավվել են, և մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելու համաձայնությունը մեզ բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում միասին աշխատելու մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, և հատկապես՝ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա»։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին, մասնավորապես՝ կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև համագործակցության նոր հեռանկարներ՝ բարձր տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներում փոխգործակցության սերտացման ուղղությամբ։
Կողմերը մտքեր են փոխանակել Լոնդոն-Երևան ուղիղ ավիաչվերթների գործարկման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր բաղադրիչ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Հայաստանում նախատեսված կարևոր միջազգային միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ ՄԱԿ-ի Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17 of the Convention on Biological Diversity)։
← Վերադառնալ