The President of the Republic of Armenia

09/15/2025 | Press release | Distributed by Public on 09/15/2025 08:01

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի առայժմ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն համագործակցության և այն մեծ աշխատանքի համար, որ կատարել է Շվեդիան Հայաստանում՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Շվեդիան և Հայաստանը քաղաքական երկխոսության և համագործակցության բարձր մակարդակ ունեն բոլոր բնագավառներում։ Վստահ եմ, որ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում այդ հարաբերությունները ավելի կակտիվանան»,- նշել է նախագահը։

Դեսպան Եվա Սունդքվիստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով. «Ինձ համար մեծ պատիվ է լինել դեսպան Հայաստանում, որը հիանալի երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Մեծ ակնկալիքով եմ սպասում մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուտների կայացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում է ստացել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման և իրավական պետության կայացման գործընթացներին Շվեդիայի ցուցաբերած աջակցությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջազգային նշանակալի միջոցառումներին։ Մասնավորապես, քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի և «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական հարցերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ շեշտելով կայուն և տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Երկուստեք շեշտվել է, որ նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել խաղաղության ամուր հիմքեր, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայուն զարգացմանը։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on September 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 15, 2025 at 14:01 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]