The President of the Republic of Armenia

05/02/2025 | Press release | Distributed by Public on 05/02/2025 04:59

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:

«Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի մենք առավել զարգացնենք ու ընդլայնենք մեր համագործակցության դարավոր ավանդույթները և նոր հնարավորություններ ստեղծենք մեր երկրների և ժողովուրդների միմյանց առավել մոտ ճանաչելու, փոխգործակցության և բարեկամության համար»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, նորանշանակ դեսպանը շեշտել է, որ բոլոր ջանքերը գործադրելու է Հայաստան-Չինաստան գործընկերության ընդլայնման համար:

«Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ես իմ կարողությունների և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեմ մեր երկրների համագործակցության հետագա ընդլայնման համար»
,- նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժին՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ։ Շեշտվել է տարբեր մակարդակներում արդյունավետ և շարունակական փոխգործակցության կարևորությունը, որը կարող է ստեղծել ամուր հիմք երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար։

Նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների և ակտիվ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման առանցքային գործոն։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, որը դիտարկվել է որպես երկխոսության նոր հարթակ՝ համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու նպատակով։

Զրույցի ընթացքում դրական են գնահատվել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների առկայությունը՝ դա դիտելով որպես գործնական քայլ, որը նպաստում է քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի խորացմանը։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on May 02, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 02, 2025 at 10:59 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io