The President of the Republic of Armenia

06/13/2025 | Press release | Distributed by Public on 06/13/2025 04:44

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

«Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,
- ասել է Հանրապետության նախագահը։

Իր խոսքում նախագահը նշել է նաև, որ երկու երկրներն ունեն ամուր և բարեկամական հարաբերություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ Եվրոպական միության շրջանակներում:

«Կարևորում ենք մեր համագործակցությունը երկու մակարդակներում։ Կարծում եմ՝ մեր երկրների միջև առկա են չօգտագործված մեծ հնարավորություններ, հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը խորացնելու տեսանկյունից»,- հավելել է նախագահը:

Գունարս Կուտրիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան միտված է երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ հարցեր։ Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը՝ որպես երկխոսության և փոխվստահության ամրապնդման արդյունավետ հարթակ։

Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև բիզնես համայնքների միջև կապերի խորացման և համագործակցության զարգացման անհրաժեշտությանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության շուրջ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հստակ դիրքորոշումը՝ ուղղված կայուն և տևական խաղաղության հաստատմանը։ Նախագահը նշել է, որ տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղ գոյակցման պայմաններում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական ծրագրին, որը միտված է տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ այս ծրագիրը կարող է յուրօրինակ երաշխիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և համակողմանի զարգացման համար։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on June 13, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 13, 2025 at 10:44 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io