Central Bank of Armenia

08/06/2025 | Press release | Distributed by Public on 08/06/2025 04:42

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների վերաբերյալ

2025թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ է մտնելու ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-261-Ն օրենքը, որը նպատակ է հետապնդում բարելավելու օրենսդրության համապատասխանությունը Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) Հանձնարարականներով սահմանված պահանջներին, ինչպես նաև հստակեցնելու հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունների ծավալը:

Կարևոր ենք համարում նշել, որ օրենքը ընդլայնել է հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունները՝ դրանք մասնավորապես տարածելով նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և կառավարման ծառայություններ մատուցող անձանց վրա: Նշված անձինք պարտավոր են հաշվառվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնում՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: Տեղեկացնում ենք, որ հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 07.10.2014թ. թիվ 280-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 4-րդ և 23-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունները այսուհետ կտարածվեն նաև իրավաբանական անձ հանդիսացող բոլոր ոչ ֆինանսական հաստատությունների վրա՝ անկախ աշխատակիցների քանակից:

Օրենքի ընդունմամբ փոփոխվել են նաև հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերին առնչվող դրույթները: Օրենքի պահանջների հիման վրա վերանայված ներքին իրավական ակտերը ենթակա են ներկայացման Ֆինանսական դիտարկումների կենտրոն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

Հայտնում ենք նաև, որ օրենքով նախատեսվել են նոր պարտականություններ տրաստի այն կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող այն անձանց համար, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում են Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք: Ֆինանսական դիտարկումների կենտրոնում նշված անձանց հաշվառման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտը նախատեսվում է ընդունել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Ի թիվս այլ կարգավորումների, օրենքով փոփոխվել են նաև հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և հավելյալ պատշաճ ուսումնասիրության գործընթացներին, դրամական փոխանցումների իրականացմանը, գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժմանը կամ դադարեցմանը, օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցներին առնչվող դրույթները:

Օրենսդրական փոփոխություններին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:

Central Bank of Armenia published this content on August 06, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 06, 2025 at 10:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]