08/27/2026 | Press release | Distributed by Public on 08/27/2026 06:46
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։
Հանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը նախագահին ներկայացրել է առաջիկա Համահայկական խաղերին ընդառաջ Կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, նախատեսվող նախաձեռնություններն ու ծրագրերը։
Նախագահն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ոչ միայն մարզական, այլև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական միասնականության և երիտասարդների միջև կապերի զարգացման տեսանկյունից։
Իշխան Զաքարյանը մանրամասներ է ներկայացրել նաև ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Ջրվեժի անտառպարկի հարակից տարածքում նախատեսվող Համահայկական խաղերի մարզական ավանի ծրագրի վերաբերյալ։ Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է ավանի հիմնարկեքը։
Նախատեսվող մարզական ավանը լինելու է բազմաֆունկցիոնալ համալիր, որը Համահայկական խաղերի ընթացքում կծառայի մասնակիցների կեցության և խաղերի կազմակերպման նպատակներին, իսկ խաղերից դուրս կշարունակի գործել որպես երիտասարդական, մարզական և Հայաստան-Սփյուռք համագործակցության մշտական հարթակ։
Ընդգծվել է, որ ավանը հնարավորություն կտա տարվա ընթացքում Հայաստանում հյուրընկալել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդներին՝ համատեղ կրթական, մշակութային, մարզական, երիտասարդական և այլ ծրագրերի իրականացման համար։ Այն կարող է դառնալ տարբեր երկրներից ժամանող երիտասարդների հանդիպման, շփման և համագործակցության շարունակական միջավայր՝ նոր կապերի ու նախաձեռնությունների ձևավորման համար, ինչպես նաև լավ հարթակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ և վերջինիս կողմից իրականացվող համահայկական նախաձեռնությունների ու ծրագրերի համար։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Համահայկական խաղերի՝ որպես Հայաստանի և Սփյուռքի հայության համախմբման, տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման և երիտասարդ սերնդի ներգրավվածության խթանման կարևոր հարթակի դերը։
Անդրադարձ է կատարվել նաև Համահայկական խաղերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին։