The President of the Republic of Armenia

05/06/2026 | Press release | Distributed by Public on 05/06/2026 07:08

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քրիստոս Հարպանտիդիսի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության կորպորատիվ հարաբերությունների տնօրեն (գլխավոր տնօրենի տեղակալ) Քրիստոս Հարպանտիդիսի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելության, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին մասնակցելու համար։ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում կարևորել է ընկերության հետ ձևավորված բազմամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն ընդգրկում է տնտեսության, կրթության և գիտության ոլորտները։

Նախագահը միաժամանակ շեշտել է, որ կրթության և գիտության զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաները և արհեստական բանականության ոլորտը Հայաստանի համար հանդիսանում են առաջնահերթություններ։ Այս ուղղությունները, ըստ նախագահի, լրացուցիչ խթան և անխոչընդոտ զարգացման հնարավորություններ են ստացել 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից հետո ձևավորված նոր իրողությունների և Հայաստանի ու տարածաշրջանի համար բացված հնարավորությունների համատեքստում։ Նա հույս է հայտնել, որ առկա գործընկերությունը շարունակաբար կընդլայնվի՝ նպաստելով նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը Հայաստանում։

Քրիստոս Հարպանտիդիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին։ Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել այն առավել զարգացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթության և գիտության զարգացման կարևորությանը, ինչպես նաև ինժեներական քաղաքում ձևավորված համագործակցության արդյունավետությանը։

Անդրադարձ է կատարվել Philip Morris International ընկերության և Հայաստանի պետական մարմինների միջև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։

Կողմերը կարևորել են նաև հումանիտար և հանրային շահին ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով դրանց դերը սոցիալական պատասխանատվության խթանման գործում։ Հանդիպման ավարտին վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on May 06, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 06, 2026 at 13:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]