Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

08/06/2026 | Press release | Distributed by Public on 08/06/2026 10:31

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

06 օգոստոսի, 2026

Օգոստոսի 5-ին Նայրոբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու տեսլականը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է Նայրոբիում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի օժանդակ մարմինների (SBSTTA-28, SBI-7) նիստերի շրջանակներում ընթացող քննարկումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը COP17-ի ընթացքում արդյունավետ և կառուցողական բանակցությունների ապահովման համար:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ COP17-ը կունենա առանցքային նշանակություն Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման, ձեռքբերումների գնահատման, առկա բացերի վերհանման և հետագա քայլերի նախանշման տեսանկյունից։

Ներկայացնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու բաց, թափանցիկ և ներառական բանակցային գործընթաց՝ հիմնված փոխվստահության, համագործակցության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրել է COP17-ին ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում նախատեսված բարձրաստիճան նախարարական հատվածին։ Ընդգծվել է միջոցառումների շրջանակներում բարձր մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը՝ կենսաբազմազանության օրակարգին անհրաժեշտ քաղաքական խթան հաղորդելու և գործնական արդյունքների հասնելու նպատակով։

Եզրափակելով ելույթը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ միջազգային հանրության առջև ծառացած գլխավոր մարտահրավերը ոչ թե նոր հավակնությունների ձևակերպումն է, այլ արդեն իսկ ստանձնած հանձնառությունների գործնական իրականացումը, և հենց այս մոտեցումն է արտացոլված Հայաստանի նախագահության «Գործելով հանուն բնության» կարգախոսում։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on August 06, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 06, 2026 at 16:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]