Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/01/2025 | Press release | Distributed by Public on 05/01/2025 11:06

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

01 մայիսի, 2025

Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը:

Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են ունեցել զեկույցի հանրային քննարկումներ:

ՀՊԴ 49-րդ նստաշրջանին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Պատվիրակության կազմում էին նաև Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԱԳՆևՆԳՆ ներկայացուցիչներ:

ՀՊԴ նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման վերաբերյալ:

ՀՀ պատվիրակության ղեկավար Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում ներկայացրել է վերջին տարիների ընթացքում տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման վերաբերյալ Հայաստանում գրանցված առաջընթացը: ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից 115.000 բռնի տեղահանվածների խնդիրներին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերի պարզման խնդիրներին:

Հայաստանի Հանրապետության 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը մեծ հետաքրքրության է արժանացել միջազգային հանրության կողմից: Ելույթներով հանդես են եկել շուրջ 100 անդամ-պետությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ընդգծելով վերջին տարիների ընթացքում մարդու իարվունքների ոլորտում Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ իրականացված օրենսդրական և համակարգային բնույթի բարեփոխումները:

ՀՀ պատվիրակությունը հավաստիացրել է, որ Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը՝ առաջնորդվելով թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցության, ներառականության ապահովման սկզբունքներով:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on May 01, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 01, 2025 at 17:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io