The President of the Republic of Armenia

04/22/2026 | Press release | Distributed by Public on 04/22/2026 08:52

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով, որ բազմակողմ ձևաչափերում համակարգված և ակտիվ փոխգործակցությունը նպաստում է ինչպես երկկողմ օրակարգի առաջխաղացմանը, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ դիրքորոշումների առավել արդյունավետ համադրմանը։ Այս համատեքստում նախագահները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու կառուցողական համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ, չնայած առկա դրական դինամիկային, համագործակցության ներուժը դեռևս լիովին չի իրացվել։ Կարևորվել է գործնական քայլերի իրականացումը՝ ուղղված տնտեսական կապերի ակտիվացմանը, գործարար միջավայրի միջև ուղիղ շփումների խթանմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը։

Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների ներդրման հնարավորություններին։ Կողմերը նշել են, որ նման նախաձեռնությունը կարող է էապես նպաստել մարդկանց միջև կապերի սերտացմանը, զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև բիզնեսի և առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկուստեք շահավետ նախագծերի համար։

Նախագահները շեշտել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը՝ ընդգծելով հատկապես գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և հարակից ճյուղերի դերը։ Նշվել է, որ այս ուղղություններով համագործակցության ընդլայնումը, նորարարական լուծումների ներդրումն ու մասնագիտական փորձի փոխանակումը կարող են էապես բարձրացնել երկու երկրների տնտեսական մրցունակությունը և խթանել կայուն զարգացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Կողմերը կարևորել են կայունության, խաղաղության և փոխվստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես երկարաժամկետ զարգացման կարևոր նախապայման՝ ընդգծելով կառուցողական երկխոսության և համագործակցության շարունակականության նշանակությունը։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on April 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 22, 2026 at 14:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]