Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

04/21/2025 | Press release | Distributed by Public on 04/21/2025 05:36

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա[...]

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ

21 ապրիլի, 2025

Ապրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև վերջինիս դերը տարածաշրջանում համագործակցության խթանման և կայուն զարգացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին՝ այս առումով ընդգծելով միջազգային գործընկերների ներգրավվածության կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նպատակ ունի բոլոր ներգրավված երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանման, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա ձևավորել տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության նոր ուղիներ և ապահովել տարածաշրջանային ենթակառուցվածքների համապարփակ, ներառական և ոչ խտրական օգտագործումը:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on April 21, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 21, 2025 at 11:36 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]