09/30/2026 | Press release | Distributed by Public on 09/29/2026 23:52
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Էդգար Մկրտչյանի, Վահան Սիրունյանի, Համլետ Սահակյանի և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ վերանայման շրջանակում կազմակերպված առաքելության ամփոփիչ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագիր» նախագիծը և SBA ծրագրի շրջանակում նախատեսվող հետագա քայլերը։
Հուշագրով, մասնավորապես, նախատեսվում է շարունակել հարկային քաղաքականության և վարչարարության, հանրային ներդրումների, հարկաբյուջետային ռիսկերի, պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման և այլ ուղղություններով ՀՀ-ում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները։
Միաժամանակ, անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, պետական եկամուտների մոբիլիզացման և ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ԱՄՀ ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին։ Քննարկվել են նաև մակրոտնտեսական զարգացումները և ծրագրի մշտադիտարկման հիմնական ցուցանիշները։
Քննարկումների կարևոր ուղղություններից է եղել նաև ԱՄՀ «Դիմակայունության ֆինանսավորման գործիքի» (RSF) կիրառման շրջանակում առաջարկվող բարեփոխումների փաթեթը, որն ընդգրկում է բնական աղետներից բխող հարկաբյուջետային ռիսկերի կառավարման, կլիմայի դիմակայունությանն ուղղված հանրային ներդրումների, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև կլիմայական տվյալների կատարելագործման ուղղությունները։
Կողմերը բարձր են գնահատել ԱՄՀ-ի հետ SBA ծրագրի և RSF գործիքի շուրջ շարունակվող երկխոսությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի կառուցվածքային մարտահրավերների նկատմամբ դիմակայունության հետագա ամրապնդման, ինչպես նաև կայուն և ներառական երկարաժամկետ տնտեսական աճին նպաստող բարեփոխումների առաջմղման կարևոր հնարավորություն։