Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/01/2025 | Press release | Distributed by Public on 11/01/2025 08:21

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի մասնակցությունը «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի բացման արարողությանը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի մասնակցությունը «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի բացման արարողությանը

01 նոյեմբերի, 2025

Հոկտեմբերի 31-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Դավիթ Կարապետյանն իր ելույթում ընդգծել է ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների տարածմանը, ֆրանսախոսներին և Ֆրանկոֆոնիայի արժեքները կրողների համախմբմանը նպաստող միջոցառումների, այդ թվում՝ «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի կազմակերպման կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշել է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են մեր երկրի մշակութային կյանքը, այլև մեծապես նպաստում այլ մշակույթներին ծանոթանալու և համատեղ ստեղծագործելու միջոցով փոխըմբռնման և համերաշխության ամրապնդմանը։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը ներկաներին հիշեցրել է, որ մեր երկիրը մեծ եռանդով պատրաստվում է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի հյուրընկալմանը, որոնք նպաստելու են ֆրանկոֆոն երկրների հետ մեր բարեկամական կապերի ամրապնդմանը և Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանը:

Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդել է համաշխարհային ճանաչում ունեցող խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Պիքսել» վերնագիրը կրող ներկայացումը:

«Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը կազմակերպվում է Սաթէ-Աթղը» թատերական միության և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ՀՀ ԱԳ նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև ստեղծագործական հանդիպումների և համագործակցության նոր հարթակների ստեղծման միջոցով մշակութային երկխոսության ամրապնդումն է: Ծրագրում ներառված են թատերական և պարային բեմադրություններ, վարպետության դասեր, թատերականացված ընթերցումներ և այլ միջոցառումներ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 01, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 01, 2025 at 14:21 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]