The President of the Republic of Armenia

02/23/2026 | Press release | Distributed by Public on 02/23/2026 06:51

ԴՆԹ փորձաքննության ոլորտում նոր պայմանավորվածություններ Հայաստանի և Հունաստանի միջև

Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում, երկու երկրների մասնագիտացված կառույցների միջև տեղի են ունեցել քննարկումներ դատաբժշկական գիտության և ԴՆԹ հետազոտությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ։

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տնօրենի տեղակալ Մարտին Ալեքսանյանի և Հունաստանի ոստիկանության Դատափորձագիտական ստորաբաժանման (Hellenic Police Forensic Science Division) տնօրեն տիկին Մարիա Կակոգիայի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են դատափորձագիտական, մասնավորապես՝ ԴՆԹ վերլուծության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Հաշվի առնելով երկու երկրների միջև առկա միջպետական բարեկամական հարաբերությունները՝ հունական կողմը պատրաստակամություն է հայտնել ԴՆԹ փորձաքննության ծառայությունները Հայաստանի Հանրապետության համար իրականացնել առանձնահատուկ փոխշահավետ պայմաններով։

Սույն նախաձեռնությունը նպատակ ունի խթանել դատաբժշկական ոլորտում փորձի փոխանակումը և տեխնոլոգիական համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ձևավորված մասնագիտական երկխոսությունը և երկուստեք ներդրումը համագործակցության հաստատման գործում։

Հունական կողմը նաև շեշտել է հետագա քայլերի քննարկման, համագործակցության պաշտոնականացման և գործնական իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ բաց է հետագա հաղորդակցության և համագործակցության հնարավոր ձևաչափերի քննարկման համար։

Պայմանավորվածություններն ունեն գործնական և ռազմավարական նշանակություն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության համար, քանի որ կարող են նպաստել ԴՆԹ վերլուծության ոլորտում միջազգային մասնագիտական համագործակցության ընդլայնմանը, առանձին դեպքերում արտաքին մասնագիտական/լաբորատոր ռեսուրսների առավել նպաստավոր պայմաններով օգտագործմանը, բարդ կամ հատուկ կազմակերպչական լուծումներ պահանջող հետազոտությունների իրականացման համար:

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on February 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 23, 2026 at 12:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]