The President of the Republic of Armenia

05/07/2026 | Press release | Distributed by Public on 05/07/2026 05:15

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ:

Նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Վահագն Խաչատուրյանը ողջունել է Լատվիայի նախագահի այցը Հայաստան և ընդգծել, որ այն կարևոր հնարավորություն է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների նախանշման համար։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Լատվիային՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության զարգացմանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

«Դուք Հայաստանում առաջին անգամ չեք․ նախկինում ևս այցելել եք մեր երկիր, սակայն որպես նախագահ առաջին անգամն եք: Ձեր այցը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Մենք բարձր ենք գնահատում Լատվիայի հետ մեր հարաբերությունները, որոնք բարեկամական և եղբայրական բնույթ ունեն։

Շնորհակալություն ենք հայտնում Լատվիային այն աջակցության համար, որը ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետությանը, հատկապես ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և հույս հայտնում, որ Ձեր այցը նոր խթան կհաղորդի մեր հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը»,
- մասնավորապես ասել է նախագահ Խաչատուրյանը։

Լատվիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ իր գլխավորած պատվիրակության այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լատվիական հարաբերությունների օրակարգային հարցերին՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թվականի դեկտեմբերից ձևավորված Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ (NB8) ձևաչափով երկխոսության շարունակական զարգացումը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ համագործակցություն, իսկ բարեկամական խմբերի փոխգործակցությունը նպաստում է նաև միջազգային միջխորհրդարանական հարթակներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն իրականացնում է Եվրոպական միության օրենսդրությանն ու չափանիշներին մոտարկման գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել ինստիտուցիոնալ լիարժեք համապատասխանության։ Այս համատեքստում բարձր է գնահատվել Լատվիայի փորձը՝ որպես եվրոպական ինտեգրման հաջող օրինակ։

Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Լատվիայի հետ տարբեր ներդրումային ծրագրերի քննարկման ուղղությամբ՝ կարևորելով գործարար պատվիրակությունների փոխայցելությունների, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման և երկու երկրների ներդրումային գործակալությունների միջև ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Ռիգայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման հնարավորությանը, որը կնպաստի տնտեսական կապերի, զբոսաշրջության և մարդկանց շարժունակության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Հանրապետության նախագահը նշել է, որ կրթության, գիտության և նորարարական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից են։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները լայն հնարավորություններ են բացում միջտարածաշրջանային կապերի, տնտեսական համագործակցության և հաղորդակցային նախագծերի զարգացման համար։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on May 07, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 07, 2026 at 11:15 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]