09/16/2025 | Press release | Distributed by Public on 09/15/2025 23:13
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Օսկար Թաթոսյանին և հոգաբարձուների խորհրդի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է ընդունել համագումարի ներկայացուցիչներին և լավ ծանոթ է կառույցի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ ընդգծելով դրա նշանակությունը ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային հանրությանը Հայաստանի և մեր տարածաշրջանի մասին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Նա կարևորել է նաև համագումարի համահայկական նշանակության խնդիրներով մշտական զբաղվածությունը, որը միտված է հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը և Հայաստանի դերի բարձրացմանը տարածաշրջանում ու միջազգային հարթակներում։
Անդրադառնալով Հայաստանում համագումարի կողմից իրականացվող ծրագրերին՝ Հանրապետության նախագահը կարևորել է դրանց նշանակությունը երկրի զարգացման գործում։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպման կարևորության շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և հարևան երկրների հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական և ընդհանուր մթնոլորտին վերաբերող հարցեր։ Ամփոփելով հանդիպումը՝ Հանրապետության նախագահը պատասխանել է հյուրերի հարցերին՝ անդրադառնալով ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի տարբեր իրողություններին։
← Վերադառնալ