The President of the Republic of Armenia

06/04/2025 | Press release | Distributed by Public on 06/04/2025 05:47

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

Շվեդիայի ազգային տոնին ընդառաջ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Նախագահը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Շվեդիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարօրություն։

«Շնորհակալություն եմ հայտնում նաև սերտ համագործակցության, և այն անկեղծ վստահության համար, որ կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը պայմանավորված է մեր երկրում համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ, որոնք աջակցում են ժողովրդավարությանը։

Կարծում եմ՝ շատ երկրներ հետևում են Ձեր երկրի օրինակին՝ տեսնելով, թե ինչպես է Շվեդիան առանձին հարցերում վերաբերում Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում դա է պատճառը, որ իրենք ևս միանում են այդ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանին աջակցելուն՝ տնտեսական, քաղաքական և ընդհանուր բարեփոխումների միջոցով, որոնք միտված են մեկ նպատակի՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հաստատմանը։ Եվ իհարկե, դա նպաստում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրի անվտանգության և պաշտպանունակության բարձրացմանը»։

Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ «Շվեդիայի ազգային տոնի կապակցությամբ ինձ համար պատիվ է հյուրընկալվել այսօր այստեղ։ Շնորհակալություն նաև իմ երկրի վերաբերյալ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող երկկողմ օրակարգային մի շարք հարցեր՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Նախագահը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին Շվեդիայի երկարամյա աջակցությունը՝ ընդգծելով հատկապես կառավարման թափանցիկության, իրավունքի գերակայության, քաղաքացիական հասարակության դերակատարության ընդլայնման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում շվեդական փորձի կիրառման արժեքավորությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին քաղաքական, տնտեսական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նշվել է, որ երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման համար առկա է զգալի չօգտագործված ներուժ, մասնավորապես՝ ներդրումային ծրագրերի, նորարարական տեխնոլոգիաների փոխանակման և թվային հատվածի համատեղ նախաձեռնությունների միջոցով։
Այս համատեքստում շեշտվել է Շվեդիայի առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններից «Ericsson»-ի հետ համագործակցության խթանման կարևորությունը։ Երկուստեք կարևորվել են կապի տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական ներուժի առաջընթացին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացման և գործակցության շարունակականության վերաբերյալ։ Ընդգծվել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը կարող է էական խթան հանդիսանալ երկկողմ կապերի խորացման և փոխըմբռնման ամրապնդման գործում։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on June 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 04, 2025 at 11:47 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io