The President of the Republic of Armenia

03/17/2026 | Press release | Distributed by Public on 03/17/2026 03:03

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Հանրային հատվածի նորարարությունների ֆորումին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Հանրային հատվածի նորարարությունների երրորդ ֆորումին և հանդես է եկել ողջույնի խոսքով:

«Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Հանրային հատվածի նորարարությունների ֆորումին։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ժամանակակից, արդյունավետ և քաղաքացիակենտրոն պետական կառավարման համակարգի ձևավորման համար։ Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և արդյունավետ հարմարվողականությունից և նոր մոտեցումների որդեգրումից: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում։

Նորարարությունը պետական կառավարման մեջ նշանակում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում, այլ նաև մտածողության փոփոխություն․ այն ենթադրում է ավելի բաց կառավարման մշակույթ, համագործակցություն տարբեր հաստատությունների միջև և քաղաքացիների կարիքներին ավելի զգայուն լուծումներ։

Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն շարժվում է այս ուղղությամբ՝ իրականացնելով հանրային կառավարման կարևոր և խորքային բարեփոխումներ։ Այս փոփոխությունների նպատակն է՝ պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ և ավելի հաշվետու՝ այն համապատասխանեցնելով ժողովրդավարական նորմերին և ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին։

Այս ճանապարհին առանձնահատուկ կարևոր դեր ունեն մեր հանրային ծառայողները՝ պաշտոնյաներ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի միջոցով ստեղծում են արդյունք, առաջարկում նորովի լուծումներ և նպաստում ավելի արդյունավետ պետական համակարգի ձևավորմանը։

Այսօրվա մրցանակաբաշխությունը հնարավորություն է՝ արժևորելու նրանց նվիրված աշխատանքը և ընդգծելու, որ նորարարությունը պետք է դառնա հանրային ծառայության անբաժանելի մաս։

Կցանկանայի կարևորել Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ կյանքի է կոչվել այս նախաձեռնությունը։ Համատեղ ջանքերով հնարավոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ նոր գաղափարները խրախուսվում են, փորձարկումները դիտվում են որպես զարգացման հնարավորություն, իսկ դրական փորձառությունն ընդօրինակվում է պետական համակարգում։

Վստահ եմ, որ այսօր ներկայացվող նախաձեռնությունները ոչ միայն կոգեշնչեն նոր գաղափարներ, այլև կնպաստեն պետական կառույցների, գործընկեր կազմակերպությունների և հասարակության միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը։

Մաղթում եմ հաջողություն մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին: Համոզված եմ, որ նրանց աշխատանքը կշարունակի կարևոր ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի զարգացման գործում՝ նպաստելով մեր քաղաքացիների կյանքի որակի շարունակական բարելավմանը»:

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on March 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 17, 2026 at 09:03 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]