The President of the Republic of Armenia

10/14/2025 | Press release | Distributed by Public on 10/14/2025 04:51

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է բելգիացիների թագուհի Մաթիլդային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է բելգիացիների թագուհի Մաթիլդային:

Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան և բարձր գնահատել Ձերդ մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան:

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ։ Ձեր այցելության նպատակը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը, անշուշտ, մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030 թվականի համար ստանձնած պարտականությունները։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջնորդությունն այս ոլորտում և այն, որ զբաղվում եք մարդկությանը հուզող այսպիսի կարևոր հարցերով»,
- ասել է նախագահը:

Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով և ուրախ է գտնվել մեր երկրում՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանության առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակում իրականացվող ծրագրերն ու դրանց առաջմղման ուղղությամբ տարվող քայլերը։ Կողմերը կարևորվել են կրթության դերը՝ որպես համամարդկային հումանիտար խնդիրների հաղթահարման և հասարակությունների կայուն զարգացման հիմնասյուն։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին։ Շեշտվել է տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման, նորարարական լուծումների խթանման և համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման կարևորությունը։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելգիայի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը կարող է նոր որակ ստանալ գիտության, կրթության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

Կողմերը մտքեր են փոխանակել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP-17 համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացման վերաբերյալ։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում միջազգային բնապահպանական նախաձեռնություններին և ձգտում է լինել ակտիվ մասնակից գլոբալ ջանքերին՝ ուղղված բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։ Շեշտվել է կենսաբազմազանության պահպանության և շրջակա միջավայրի կայունության ապահովման գործում ողջ մարդկության համախմբման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Կողմերը երկուստեք շեշտել են, որ խաղաղությունը և համագործակցությունը միջազգային հարաբերությունների առանցքային արժեքներն են, իսկ դրանց ամրապնդումը՝ պետությունների և ժողովուրդների առաջընթացի հիմնական պայմանը։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on October 14, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 14, 2025 at 10:51 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]