The President of the Republic of Armenia

05/12/2026 | Press release | Distributed by Public on 05/12/2026 10:53

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ Մոսկվա)։

Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Մենք վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը ուղղել ենք նաև դեպի Ենթասահարական Աֆրիկա։ Եվ այդ համատեքստում շատ կարևոր է Գանայի դերը՝ որպես մայրցամաքի կայունությունն ապահովող և նաև Աֆրիկյան միությունում կարևորագույն ազդեցություն ունեցող երկիր։

Կարծում եմ՝ մենք առաջին հերթին պետք է զարգացնենք մեր հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, որոնք մանրամասն քննարկման կարիք ունեն։

Այնպես որ, շնորհավորում եմ նաև այն առումով, որ այժմ ունենք դեսպան, որը պատրաստակամ կլինի աշխատել այս ուղղությամբ և առաջ տանել մեր համագործակցությունը»
,- նշել է Հանրապետության նախագահը։

Նախագահը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ որպես համագործակցության զարգացման կարևոր նախադրյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, թանկարժեք մետաղների և քարերի մշակման, ինչպես նաև այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի և կրթական կապերի զարգացման հեռանկարներին։

Դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հանրապետության նախագահին փոխանցել Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահամայի ջերմ ողջույնները։

«Շնորհակալություն, պարոն նախագահ, այս հնարավորության համար։ Մենք մշտապես բաց ենք ձեր երկրի նման երկրների հետ համագործակցության հնարավորությունների իրագործմանը»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով կապերի ամրապնդման հնարավորություններին։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on May 12, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on May 12, 2026 at 16:54 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]