The President of the Republic of Armenia

03/11/2026 | Press release | Distributed by Public on 03/11/2026 00:35

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։

Չիլիի նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել իր հրավերն ընդունելու և Չիլի այցելելու համար։

«Վերջին տասնամյակներում Չիլիում արմատական փոփոխություններ են եղել, սակայն մենք պահպանում ենք ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերություններ մեր գործընկերների հետ և հետաքրքրված ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնություններով»,- ասել է Խոսե Անտոնիո Կաստը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և հրավերի համար: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ։ Դուք շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնում մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ պետք է կարևոր խնդիրներ լուծեք։

Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցությունը խորացնելու հարցում և վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»,
- ասել է նախագահը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին և զարգացումներին, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահն իր գործընկերոջը մանրամասներ է հայտնել ընթացիկ գործընթացների վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր ոլորտների բացահայտման և առաջնահերթ ուղղությունների ճշգրտման շուրջ։ Այս համատեքստում հատուկ շեշտվել է արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցային մեծ ներուժի առկայությունը և դրա լիարժեք կյանքի կոչման կարևորությունը, ինչը կարող է նոր և արդյունավետ հարթակ դառնալ երկու երկրների համար։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլիի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on March 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 11, 2026 at 06:35 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]