The President of the Republic of Armenia

10/02/2025 | Press release | Distributed by Public on 10/02/2025 04:04

Հանրապետության նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին շնորհավորել է նրան և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ու իշխանություններին, մաղթել է բարգավաճում, խաղաղություն և նորանոր հաջողություններ:

Դեսպան Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար և նշել, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում բոլոր ջանքերը ներդնում է երկու երկրների բարեկամության և գործակցության ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում կարևորվել են ինչպես երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացումը, այնպես էլ Եվրամիության շրջանակներում համագործակցության սերտացումը։ Կողմերը նշել են, որ Հայաստանի և Գերմանիայի գործընկերությունը նպաստում է ոչ միայն քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը, այլև տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների և կայունության ապահովմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ COP-17 համաժողովին։ Դեսպան Բուշը նշել է, որ գերմանական կողմի ուշադրության կենտրոնում են այս կարևոր միջազգային միջոցառումները և ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունն ու ապահովել լայն մասնակցություն:

Նախագահը և դեսպանը բարձր են գնահատել նաև Գերմանիայի կողմից տարիների ընթացքում ցուցաբերված աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների բարեփոխումների ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի երկրի զարգացման և եվրոպական ինտեգրման գործընթացում։

← Վերադառնալ

The President of the Republic of Armenia published this content on October 02, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 02, 2025 at 10:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]